Գյուղնախի ԳԱՀԿ-ում (Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն) լուծված չէ մի խումբ փորձառու աշխատողների հարցը: Նախարարությունում պաշտոններ ստացած, ոչ գյուղատնտես մի խումբ նորեկներ որոշել են ֆեոդալական սկզբունքով տիրել ԳԱՀԿ-ի լրատվական բաժնին եւ անձնակազմը ուզածի պես կարել- ձեւել:

ԳԱՀԿ-ը համակարգում է ֆերմերների խորհրդատվության մարզային կառույցների (ԳԱՄԿ-երի) աշխատանքը: Կենտրոնի լրատվության բաժինն էլ պատրաստում է «Ագրոգիտություն» գիտական ամսագիրը (երկրում գյուղոլորտի ընդամենը երկու գիտական հանդեսներից մեկը): Որքան էլ տարօրինակ հնչի, բայց գրքի եւ գիտության հանդեպ տոտալ անուշադրության պայմաններում «Ագրոգիտությունն» աշխատում է ծախսածածկույթով:

Բայց արի ու տես, որ նորեկների ավյունը կարծրատիպեր չի ճանաչում. ամսագրի խմբագիր եւ ԳԱՀԿ-ի տնօրենի տեղակալ, 70-ն անց Վարդան Հայկազյանին, ով երկրում գյուղոլորտի ամենափորձառու մասնագետներից մեկն է, առաջարկել են դառնռալ թղթակից՝ երիտասարդ եւ գյուղատնտեսական որակավորում չունեցող մասնագետի մոտ:

Կենտրոնի տեղեկատվության եւ լրատվության բաժնի նախկին 8 աշխատակիցներից մնացել են միայն 3-ը: Դեկտեմբերի վերջին նրանց հայտարարել էին կրճատման մասին՝ օպտիմալացման բացատրությամբ:   

Գյուղնախարարի խորհրդական Լիանա Հունանյանը, ով ունի մետալուրգի եւ ֆինանսիստի կրթություններ, «Ագրոգիտությունը» համարում է «ոչ նպատակահարմար» (ինչպես է դա որոշել, չլինելով գյուղատնտես, պարզ չէ) եւ առաջարկում է այն փոխարինել իրեն եւ իր ծանոթների խմբին ավելի «նպատակահարմար», ակնահաճո եւ գունազարդ ամսագրով: 

Բաժնի աշխատողներին, որոնք օգնում են լոյս ընծայել «Ագրոգիտությունը», ինչպես նաեւ «Ագրոլրատու» թերթը եւ մարզային ԳԱՄԿ-երի թերթերը, բանավոր հայտարարել են, որ կազատեն աշխատանքից, սակայն վերջնահաշվարկ դեռեևս չեն կազմել եւ ազատման թերթիկ չեն տրամադրել:

Հարցերի այս թնջուկը փորձեցինք պարզել՝ դիմելով ԳԱՀԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արշալույս Հայրապետյանին: Դեկտեմբերի վերջին նա հրաժարվել էր որեւէ մեկնաբանությունից, իսկ այժմ  առաջարկեց դիմել գրավոր: