Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով վիրավորված Վոլոդյա Հարությունյանի վիճակը բավարար է, նա գտնվում է հիվանդասենյակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վոլոդյա Հարությունյանը վիրահատվել է, ողնաշարն ենք վիրահատել: Վիճակն արդեն բավարար է, հետվիրահատական փուլը նորմալ է անցնում»,- ասաց հոսպիտալի պետը:
Նշենք, որ զինծառայողին ԼՂՀ-ում վիրահատել էին. նրա թոքն ու երիկամն էր վնասվել:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:




























