Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում, նախնական տեղեկություններով, հրդեհի պատճառը շալի միացված էլեկտրատաքացուցչին կպնելն էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանն ասաց, որ նախնական խոսակցությունների համաձայն՝ կանանցից մեկի շալը կպել է էլեկտրատաքացուցչին, ինչի հետեւանքով էլ հրդեհ է եղել եւ կանայք ծխահարվել են: Նրանք չեն կարողացել ժամանակին դուրս գալ սենյակից, քանի որ դեպքը եղել է առավոտյան 5.30-ի սահմանում, երբ կանայք քնած են եղել: Տնօրենն ասաց, որ արդեն կայացել է նրանց հոգեհանգստյան արարողությունը, մեկին տարել է քույրը, մյուսի հոգեհանգիստը կազմակերպել է ծերանոցը Գյումրիի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրի ծերերի տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը նշել էր, որ մահացողները իրենց մոտ խնամվող, սենյակակից երկու կին են: «Փոքր պլիտաներ կան, որոնց վրա սուրճ կամ թեյ են եփում, դրանից է եղել, մեր աշխատակիցը ծխի հոտ է առել, ներս է մտել, տեսել է՝ ուգարից խեղդված են, կանչել է բուժքրոջը»,-ասաց տնօրենը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է  ծառայողական քննություն: