ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հանդես է եկել վերջերս արած իր հայտարարությունների շուրջ պարզաբանմամբ, որը հայ համայնքի դժգոհությունն էր առաջացրել: Այս մասին գրում է Ֆրանսիայի հայկական «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանին հասցեագրված նամակում Ֆրանսիայի դեսպանը նշել է. «Գիտեմ, որ վերջերս արած իմ հայտարարություններից մի քանիսը սխալ են մեկնաբանվել եւ ստացվել է, որ ես, իբր, օրինականացրել են Հայոց ցեղասպանության հերքումը: Այդ գաղափարը հեռու է ինձանից: Ոչ միայն Ֆրանսիան է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ ես ինքս մեծացել եմ Մարսել քաղաքում, որտեղ ակտիվ հայ համայնք կա, եւ որտեղ ես բազմաթիվ ընկերներ ունեմ: Ես միշտ վստահ եմ եղել, որ Օսմանյան կայսրությունում հայերի տառապանքները ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունն են: Հույս ունեմ, որ այս պարզաբանումը կցրի ցանկացած կասկածները, որոնք կարող են ձեզ մոտ առաջանալ այդ հարցի շուրջ»:

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ ողջունում է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի պարզաբանումը, որը համապատասխանում է Ֆրանսիայի կողմից մշտապես արտահայտվող դիրքորոշմանը:

Իսկ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը հայտարարել է. «Մենք ողջունում ենք դեսպան Արոյի պարզաբանումը՝ կապված Հայոց ցեղասպանության շուրջ նրա մեկնաբանությունների հետ: Նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ նախորդ ղեկավարների օրոք Ֆրանսիան ուժեղ եւ արդյունավետ մարտիկ է եղել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հերքմանը վերջ դնելու նպատակով անցկացվող գլոբալ արշավում: Այս տարի, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, նրանց զգոնությունն ու ակտիվ առաջատարությունն առավել քան կարեւոր են այդ հանցագործության նկատմամբ արդարության ձգտման հարցում»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղարկել երկրի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին՝ կապված ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի՝ ամերիկյան «NBC» հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության: 

Պատասխանելով հարցին, ինչո՞ւ է Ֆրանսիան հակաիսլամական ծաղրանկարների հետ կապված սադրանք թույլ տալիս, մինչդեռ Ֆրանսիայում օրենքներն արգելում են ժխտել Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է. «Իրականում Հայոց ցեղասպանության ժխտման մասին որեւէ օրենք չկա: Միայն մեկ օրենք կա Հոլոքոստի հերքման մասին, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստ իսկապես եղել է: Այնպես որ՝ դուք կարծիք չեք հայտնում, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել, քանի որ դա փաստ է: Բայց, բացի Հոլոքոստից, ամեն ինչ թույլատրված է»:

Հայ դատի հանձնախմբի նամակում նշվում է, որ Ֆրանսիայի ներկայացուցչի անշնորհք հայտարարությունը հակասում է երկրի պաշտոնական դիրքորոշմանը, որն օրենքի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: