Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ կապված գործերով իրավական փոխօգնության եւ իրավազորության հարցերի համաձայնագիր» է գործում, որը ստորագրվել է դեռեւս 1997 թվականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռուսական ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
Նա նշել է, որ այդ համաձայնագրի 4-րդ հոդվածից ուղղակիորեն հետեւում է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, որին մեղադրում են հայկական ընտանիքի 6 անդամի գնդակահարության մեջ, պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, այդ պատճառով Երեւանի եւ Գյուրիի ցուցարարները միանգամայն օրինական կերպով Ռուսաստանից պահանջում են կատարել միջազգային պարտավորությունները:
«Երբ Հակամայդանի կրեմլյան շարժումը Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին խղճի գերի է հայտարարում, ինչի՞ վրա է հույս դնում: Հայ ժողովրդի սիրո՞: Թե՞ այն բանի, որ ռուսներին անիծեն նույնիսկ մինչեւ հիմա բարեկամ Հայաստանի քաղաքացիները»,- գրել է Նեմցովը:
Նա ենթադրում է, որ Կրեմլի սադրիչները հայերի անեծքի հույսն ունեն, իսկ Կրեմլը լռելյայն աջակցում է նրանց. «Պերմյակովին չեն հանձնում եւ նրան նույնիսկ խղճի գերի են կոչում… Իսկ հետո մենք զարմանում ենք, թե ինչու են բոլորը մեզ ատում»:


























