Հունվարի 17-ի գիշերը զինված հարձակում են գործել Տաջիկստանի սահմանին գտնվող ղրղզական սահմանային «Այկոլ» ուղեկալի վրա: Հարձակման հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող, երկու սահմանապահներ վիրավորվել են, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ղրղըզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչ Գուլմիրա Բորուբաեւան:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Ներկայումս սահմանապահները իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ հանցագործների որոնման եւ ձերբակալման աշխատանքներ են իրականացնում, ասել է նա:
Ըստ Բորուբաեւայի՝ միջադեպի կապակցությամբ հանրապետության պետական սահմանապահ ծառայության անձնակազմը սահմանի հսկման ուժգնացված ռեժիմի է անցել: Գործողությունների համակարգման նպատակով դեպքի վայր է ժամանել գլխավոր շտաբի պետ Իսկենդեր Մամբետալիեւը:
Ղրղզա-տաջիկական սահմանի երկարությունն է շուրջ 1000 կմ: ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունները չեն կարողանում համաձայնության գալ պետական սահմանին հարող շուրջ 70 վիճելի տարածքների շուրջ:


























