Հունվարի 7-ին Փարիզի Charlie Hebdo ամսագրի վրա հարձակված Կուաշի եղբայրներից մեկն անցյալ գիշեր թաղվել է Ռեյմսում: Քաղաքապետարանից հայտնել են, որ գերեզմանի վայրը գաղտնի է պահվում  միջադեպերից խուսափելու համար:

Ընտրվել է հենց Ռեյմսը, քանի որ Սայիդ Կուաշին հենց այնտեղ էր բնակվում վերջին մի քանի տարիներին:

«Սկզբում ես հրաժարվեցի, սակայն իշխանությունները պնդեցին օրենքին համապատասխան հուղարկավորություն անցկացնել», - AFP-ին ասել է քաղաքապետ Առնո Ռոբինեն: Թաղմանը ներկա են եղել միայն ընտանիքի մի քանի անդամներ: Ընդ որում՝ ամեն ինչ կատարվել է  ոստիկանության խիստ հսկողության ներքո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ երկրորդ եղբայրը` Շերիֆ Կուաշին, պետք է թաղվի Փարիզի մոտի Ժենվիլյե քաղաքում:

Charlie Hebdo խմբագրության  վրա հարձակումը կատարվել էր հունվարի 7-ին, զոհվել էր 12 մարդ` խմբագրության տասը աշխատակիցներ եւ շենքը պահպանող երկու ոստիկանները, եւս  11 մարդ վնասվածքներ էին ստացել:  Հարձակվողների` Շերիֆ եւ Սայիդ Կուաշիների նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ երկու օր անց նրանց հայտնաբերել էին Փարիզից 60 կմ հյուսիսում եւ ոչնչացրել հատուկ գործողության ընթացքում: