Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հարցաքննվել են զոհված ընտանիքի հարազատներ, հարեւաններ, բազմաթիվ զինվորականներ:

Նա նշեց, որ ռազմաբազայի զինծառայողներից վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ ու ներկայացվել փորձաքննության: 

Այս գործի շրջանակներում իրավական օգնություն ցուցաբերելու համար միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստան ուղարկելու մասին հունվարի 15-ին քննչական խմբի ղեկավարը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ քննչական հանձնարարությունը Հայաստանի դատախազությունն արդեն ուղարկել է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: