Հունվարի 18-ին ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի արվարձաններից մեկում մերկասառույցի պատճառով ավելի քան 60 ավտոմեքենա իրար են բախվել: Ոստիկանության հաղորդմամբ, ՃՏՊ-ի արդյունքում մեկ մարդ մահացել է, եւս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Վթարի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ ջոկատներ եւ բժիշկներ: Ոստիկանությունը տրանսպորտի համար շրջանցիկ երթուղի է կազմել: Ներկայում փորձում են վերացնել պատահարի հետեւանքները:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, մերկասառույցի պատճառով այսօր Ֆիլադելֆիայում, ընդհանուր առմամբ, մի քանի տասնյակ այլ վթարներ են եղել: Իշխանությունները մարդկանց խնդրում են, հնարավորության դեպքում, խուսափել անձնական ավտոմեքենայով երթեւեկելուց: Բացի այդ, քաղաքը Նյու Ջերսիի հետ կապող բոլոր չորս կամուրջներն էլ փակվել են՝ աղով մշակման համար: