Իտալիայում լայն ճանաչում վայելող «Avvenire»  պարբերականը  Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ հոդված է հրապարակել, որի հեղինակն է հայտնի լրագրող Դանիելե Զապալլան:

«Հայոց ցեղասպանություն. արդարություն եւ ճշմարտություն» խորագրով հոդվածում Զապալլան գրում է, որ «100 տարի անց էլ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մերժված մնալ նրանց ժառանգների կողմից, ովքեր այն իրականացրին Օսմանյան տարածքներում» եւ հավելում, որ թեպետ մոտ 20 երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, սակայն «այդ ողբերգությունը շարունակում է չարմատավորված մնալ միջազգային հանրության գիտակցությունում»:

Դանիելե Զապալլան նաեւ նշում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին պատրաստվում է այս տարի 1.5 միլիոն հայ նահատակների աննախադեպ սրբադասում կատարել եւ անդրադառնում է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ անցյալ դեկտեմբերի կոնդակին՝ մի շարք մեջբերումներ անելով կոնդակից եւ վերլուծելով դրանք:

Կոնդակից մեջբերելով «Արեւմտյան Հայաստանում` բնօրրան մեր Հայրենիքում եւ Թուրքիայի հայաշատ բնակավայրերում կազմակերպված ջարդերին, սովին ու հիվանդություններին, որ իշխում էին բռնագաղթի ճանապարհներին, զոհ գնացին ազգիս մեկ եւ կես միլիոն զավակներ, ովքեր մահն ընդունեցին` մերժելով հավատուրացություն եւ ազգուրացություն»  եւ «Մեր ժողովուրդը Տիրոջ շնորհով հառնեց մահվանից» արտահայտությունները` Դանիելե Զապալլան եզրակացնում է, որ կոնդակում զուգահեռներ են տարվում Քրիստոսի մահվան ու հարության եւ հայ ժողովրդի ցեղասպանության ու «հարության» միջեւ: Հեղինակը հավելում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր կոնդակում նաեւ երախտիքի խոսք է հղել «այն պետություններին, կազմակերպություններին եւ անձանց, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»:

Հոդվածի վերջում Զապալլան գրում է. «Կոնդակի այս եւ այլ հատվածներ հիշեցնում են անցյալ հունիսին կայացած Գարեգին Բ-ի այցը Վատիկան, որը առիթ հանդիսացավ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համար` եւս մեկ անգամ ընդգծելու ողբերգությունների, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը, էկումենիկ խորը նշանակությունը»: Նա հիշատակում է Հռոմի Պապի խոսքերը. «Տառապանքի եւ նահատակության էկումենիզմը հզոր կոչ են՝ վճռականությամբ եւ վստահությամբ ապավինելով Սուրբ Հոգուն, քայլելու եկեղեցիների միջեւ համերաշխության երկար ճանապարհով»:

Դանիելե Զապալլան հոդվածն ավարտում է հետեւյալ խոսքերով. «2015թ. ապրիլին կայանալիք հայերի սրբադասության արարողությունն իր մեջ այժմ ավելի լայն քրիստոնեական ուղերձ է պարունակում»: