Հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկությունների առթիվ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Այս առթիվ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի երկու ծառայողներ նշել են, որ այդ օրը երթուղիում ծառայություն կատարելու ընթացքում Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում նկատել են տեղացիների հետ զրուցող երկու ռուս սպաների:
Ոստիկանները մոտեցել են, ներկայացել եւ հետաքրքրվել, թե չկա՞, արդյոք, որեւէ խնդիր: Սպաները եւ քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա եւ չի եղել, իրենք պարզապես զրուցում են: Ոստիկանները սպաներին առաջարկել են ուղեկցել բնակության վայր: Սպաները համաձայնել են, եւ ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայով նրանց ուղեկցել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի դաշնային ջոկատ:
Վերը նշվածի վերաբերյալ չի զեկուցվել, քանի որ որեւէ միջադեպ չի եղել, եւ կատարվածը կարեւորություն չի ներկայացրել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում, հունվարի 17-ին, Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ Ոստիկանության «Կումայրիի» բաժին, հաղորդում է Gala.tv-ն:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ռիժկովի փողոցում նախ նրանք երկուսով են վիճաբանել, այնուհետեւ նրանց «բաժանող» քաղաքացիների հետ է վիճաբանություն ծագել:
Միջադեպը կարճ է տեւել:
Aravot.am-ին էլ Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնել են, որ ռուս սահմանապահները, որոնք հարբած վիճակում են եղել, վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ:
Հետագայում ոստիկանությունն սկսեց հերքել այդ տեղեկությունը:




























