Ստամբուլի քաղաքացիական հերթապահ դատարանը կալանման որոշում է կայացրել դատարան ներկայացած Ջիզրեի արդեն նախկին ոստիկանապետ Էրջան Դեմիրի նկատմամբ։
Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով պետական ծառայողների անփության հետ կապված հետաքննության շրջանակներում հունվարի 12-ին որպես կասկածյալ դատախազ Գյոքալփ Քյոքչուի մոտ հարցաքննության էր ենթարկվել Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզության վարչությունում որպես ամիր աշխատած, հետագայում Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը։
Դատախազը ոստիկանապետի նկատմամբ կալանման որոշում կայացնելու պայանջով ներկայացրել է դատարան, սակայն դատարանը հրաժարվել է կալանել՝ միայն երկրից դուրս գալու արգելք սահմանել։
Դատախազը բողոքարկել է ոստիկանապետին ազատ արձակելու որոշումը, որից հետո դատարանը ձերբակալման որոշում է կայացրել։ Էրջան Դեմիրը հունվարի 19-ին Անկարայում հանձնվել է ոստիկանությանը, որից հետո նրան տեղափոխել են Ստամբուլ։
Ստամբուլի քաղաքացիական հերթապահ դատարանը բավարարել է դատախազի պահանջը եւ Էրջան Դեմիրի նկատմամբ կալանման որոշում կայացրել, որից հետո արդեն նախկին ոստիկանապետին բանտ են տեղափոխել։




























