Միջազգային միջնորդների առաջարկությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ արտացոլված են բանակցությունների սեղանին դրված փաստաթղթում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «AzTV» հեռուստաընկերության «Խեբերլար» տեղեկատվական հաղորդումը, այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ կառավարության նիստի ժամանակ, որ նվիրված էր 2010թ. առաջին կեսին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:
Եթե հավատանք Ադրբեջանի նախագահին, միջազգային միջնորդները տեսնում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բացառապես իր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Առանց Ադրբեջանի համաձայնության՝ Ղարաբաղը չի արող ստանալ որեւէ կարգավիճակ: Ադրբեջանցի ժողովուրդը երբեք թույլ չի տա բաժանել Ղարաբաղը: Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղի անջատողականները իրավունք չունեն կարգավիճակ հստակեցնելու: Միայն ադրբեջանցի ժողովուրդն ունի այդ իրավունքը»,- ասել է Ալիեւը:
Ապա Ադրբեջանի նախագահը դիմել է իր սիրելի ռազմատենչ հռետորաբանությանը: Նա ընդգծել է, որ «Ադրբեջանի ռազմական հզորությունը վճռորոշ գործոն է Լեռնային Ղարաբաղի բանակցություններում»: «Յուրաքանչյուր պահ մենք պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հողերը զավթիչներից»,- ասել է Ալիեւը:
Այս կերպ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ լիովին արհամարհել է միջազգային հանրության կոչերը, գերտերությունների առաջին դեմքերի, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հորդորները՝ ղեկավարվել Հելսինկյան ակտով, որի հիմնական դրույթներից մեկը ուժի չկիրառումն է: Նա կադրից դուրս է թողել նա այն հարցի պատասխանը, որ եթե ադրբեջանցի ժողովուրդը պետք է լուծեր Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչո՞ւ չկարողացավ անել դա պատերազմում:




























