Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստին, որը կայացել է այսօր՝ հունվարի 20-ին, հանգամանալից քննակվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը  գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։

Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին հանգամանալից քննակվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանին ԵՄ աջակցության հարցերը։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, եւ վերահաստատել Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում եւ ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձեւաչափերում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում է շարժունակությունը, միգրացիայի եւ մարդկային շփումների զարգացումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է նաեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի եւ համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։

Խորհրդի նիստի օրակարգում էին նաեւ տարածաշրջանային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Արդբեջանի ապակառուցողական եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը իրենց ելույթներում տեղեկացրել են Կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2014թ. տնտեսության եւ դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:

Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի, Էդգարս Ռինկեւիչի եւ Յոհանես Հանի համատեղ մամլո ասուլիսը։