Հայաստանի փոքր բիզնեսը պարզապես ստիպված է թաքցնել իր շրջանառության մի մասը: Այս մասին փետրվարի 3-ին Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Եթե անգամ բիզնեսն աշխատի ԱԱՀ-ից ազատվելու առավելագույն սահմանով (տարեկան 58 մլն դրամ շրջանառությամբ), նրա օրական շահույթը չի գերազանցի 10 հազար դրամը (21 դոլար - խմբ.): Պետք չէ նաեւ մոռանալ, որ 2008 թվականին, երբ սահմանվեց հարկը, 58.35 մլն-ը շուրջ 200 հազար դոլար էր կազմում (այն ժամանակվա 305-310 դրամ փոխարժեքի հաշվարկով - խմբ.), իսկ հիմա՝ շուրջ 120 հազար: Եվ չմոռանանք նաեւ, որ Հայաստանում ներմուծումը շուրջ 3 անգամ գերազանցում է արտահանմանը, ինչը նշանակում է, որ մանրածախ առեւտուրը շատ է կախված արտարժույթի փոխարժեքից:
«Տարեկան 120 հազար դոլարն ամսական 10 հազար է կազմում եւ շուրջ 300 դոլար՝ օրական: Դա շրջանառություն է: Իսկ փոքր առեւտրականների պարագայում եկամտաբերությունը միջինը 6-7% է, այդ պատճառով օրական շահույթը կազմում է 10 հազար դրամի սահմաններում (շուրջ 20-25 դոլար - խմբ.)»,- նշեց Մելքումյանը: Բացի այդ, ըստ նրա, օրական այդ 10 հազար դրամից հարկավոր է հանել առեւտրի կազմակերպման ծախսերը. վարձույթ, աշխատավարձ եւ այլն:
Ըստ պատգամավորի, եկամտաբերության իր հաշվարկը պետք է ունենա նաեւ Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը՝ հասկանալու համար, որքանով է հարկի դրույքաչափը համարժեք բիզնեսի հնարավորություններին:
«Այո, չթաքցնենք. փոքր բիզնեսն իսկապես նվազեցնում է հաշվետվությունները: Բայց կյանքը ցույց է տվել, որ այլ կերպ պարզապես չի ստացվի: Եթե հիմա նրանք հարկեր վճարեն ամբողջ շրջանառությունից, պարզապես չեն դիմանա եւ կփակվեն: Իսկ դա նշանակում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի կորուստ»,- հավելեց նա:
Նշենք, որ Հայաստանի շուրջ 80 հազար տնտեսվարող սուբյեկտներից 67 հազարը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, իսկ նրանցից 42 հազարը՝ առեւտրային ձեռնարկություններ:





























