Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է:

NEWS.am-ի հետ զրույցում Խաչիկյանի փաստաբանը՝ Ժորա Վարոսյանը, հայտնեց, որ առաջին նիստը նշանակված է փետրվարի 10-ին:

«Եվս 8 անձ է բողոքարկել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը»,- ավելացրեց փաստաբանը:

Ի դեպ, Խաչիկյանի փաստաբանը բողոքարկել է եւ պատժաչափը, եւ արարքի իրավական որակումը:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար: