NEWS.am-ը որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում արգենտիկանական առաջատար պարբերականներից մեկում՝ «La Nación»-ում հրապարակված հոդվածը:

Հայոց ցեղասպանությունը 100 տարի առաջ՝ 1915-1923 թվականներին իրագործվելու է Օսմանյան կայսրությունում, երիտթուրքերի կառավարության կողմից: Այս իրադարձության արդյունքում, որը հայտնի է նաեւ որպես «հայկական հոլոքոստ», հարկադիր տեղահանվել եւ ոչնչացվել են հայ քաղաքացիական անձինք, որոշ տվյալներով՝ մեկուկեսից մինչեւ երկու միլիոն մարդ:

Չնայած բազմաթիվ փաստական ապացույցներին, Թուրքիան շարունակում է հերքել այն եւ ձգտում է աղավաղել պատմությունը՝ պնդելով, թե, իբր, ցեղասպանություն չի եղել եւ թուրքերը դրա համար պատասխանատվություն չեն կրում՝ թաքցնելով իրականությունն ու գործելով դրա դեմ:

Այդ պատճառով չպետք է ուշադրություն գրավի այն, որ Թուրքիան շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ շարունակելու իր ժխտողական քաղաքականությունը: Դրանցից մեկն էլ ազգային հիշատակի օրվա՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ դաշնակիցների դեմ Գալիպոլիի ճակատամարտի ամսաթվի փոփոխությունն է: Դա պատահական չի արվել, այլ այն պատճառով, որպեսզի օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, երբ հայերը պատմականորեն նշում են որպես իրենց ժողովրդի կրած ոզբերգության զոհերի հիշատակի օր:

Թուրքական տոնի փոփոխությունն իսկապես ցավալի է. դա տեղավորվում է պատմության խեղաթյուրմանն ուղղված գործողությունների տրամաբանության մեջ, որոնք առկա են թուրքական արտադրության մի շարք հեռուստասերիալներում եւ ցուցադրվում են նույնիսկ մեր միջավայրում:

Այս ջանքերն ուժեղ հակազդեցություն են առաջացնում: Հայոց ցեղասպանությունն անհնար է թաքցնել՝ չխոսելով արդեն այն պատմությունից ջնջելու մասին: Ժամանակն է, որ այդ իրադարձությունը հավուր պատշաճի ճանաչվի Թուրքիայի իշխանությունների կողմից: