Հակառակորդը փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդը կրակել է մոտ 200 անգամ՝ հիմնականում գյուղերի ուղղությամբ, հայկական կողմը հիմնականում պատասխանել է կրակոցներին: Կրակոցների հետեւանքով մահացել է Ներքին Կարմիր Աղբյուրի խաղաղ բնակիչ: «Ադրբեջանի հանդգնությունները անպատիժ չեն մնա, բայց մենք, ի տարբերություն իրենց, խաղաղ բնակիչների հետ կռիվ չունենք անելու»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սա այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է տուժում: Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին այգում աշխատելու ընթացքում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրասյանը գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: