Տավուշի մարզպետարանը անկախ հանձնաժողով է ստեղծել՝ սահմանամերձ գյուղերում  հակառակորդի կրակոցներից տուժած գյուղացիների կրած նյութական վնասի չափը հաշվարկելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին ասաց մարզպետարանի տարածքային վարչության պետ Միշա Մխիթարյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովն արդեն մեկնել է սահմանամերձ գյուղեր:

«Մենք անպայման փոխհատուցելու ենք գյուղացիների կրած վնասները, թեեւ դրանք այնքան էլ շատ չեն. պատուհաններ են կոտրվել, շիֆերներ»,- ասաց նա:

Միշա Մխիթարյանը հայտնեց, որ իրենք այս հարցը լուծելու են սեփական միջոցներով, կառավարությանը դիմելու կարիք չի լինի:

Նշենք, որ հակառակորդն արդեն մի քանի օր է՝ գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Գյուղապետերի խոսքով՝ բնակիչներն ահռելի վնասներ են կրել: