Իշխանական պատգամավորները չեն հասկանում, որ կառավարությունը խոցում է իրենց պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ամփոփելով ԱԺ նիստերի առաջին շաբաթը:

Նա նշել է, որ եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է ոչ ՎՊ նախագահը, ոչ էլ նրա տեղակալը, դա ուղղակի հարգանքի բացակայություն է պատգամավորների նկատմամբ եւ օրենքի խախտում, նշանակում է, ինչ-որ քաղաքական խաղեր են գնում:

«Ինձ համար միեւնույն է, թե ով է դա պատվիրել եւ ինչու: Կարեւոր է, որ խոցել են խորհրդարանի պատիվը, ընդ որում, ողջ խորհրդարանի: գոնե իշխանությունը ներկայացնող պատգամավորները դա հասկանան: Իսկ երբ մենք արտահայտվեցինք այդ մասին, մեզ պատասխանեցին, թե դուք ձեր ինքնագոհությունը ճշմատության տեղ եք ներկայացնում»,-ընդգծել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չի ներկայացրել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինը բուռն դժգոհություն է առաջացրել ոչ իշխանական ուժերի պատգամավորների շրջանում: Փաստացի, տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում: