«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 5-ին հրավիրած խորհրդաժողովին բոլորն այսպես, թե այնպես խոսում էին արտահերթ ընտրությունների մասին։ Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Գագիկ Ծառուկյանը նույնպես խոսել է այդ մասին՝ հավելելով, որ պետք է ճիշտ որոշումներ գտնել։ Եթե այսպես շարունակվի, ապա արտահերթ ընտրություններն ուղղակի պարտադիր են։ Մոտ ապագայում մենք ի մի կբերենք մեր պատկերացումները եւ կներկայացնենք դրանք»,- ասել է Հակոբյանը։
Իշխանությունը չպետք է թաքնվի «ապահովված Հայաստանի» մասին լոզունգների հետեւում, հավելել է նա։ Անհրաժեշտ է ադեկվատ գնահատել իրավիճակը, որքան էլ որ ծանր լինի դա։ Ընդ որում, անհրաժեշտ է հետադարձ հայացք գցել ոչ թե 5-6 տարի, այլ 15-20 տարի առաջ։ Ողջ այդ տարիների ընթացքում պետության ամրապնդմանը խանգարել են անարդար ընտրությունների միջոցով իշխանության սիստեմատիկ բռնազավթումը, հայտարարել է Հակոբյանը։
«Մեղավորներ փնտրել պետք չէ։ Մեզնից յուրաքանչյուրը ինչ-որ բանում մեղավոր է, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ եւ ազնվություն։ Առաջին հերթին իշխանությունը օպետք է հասկանա, որ եթե նա շարունակում է սահմանադրական բարեփոխումները, նշանակում է, նա ցանկանում է վերարտադրել իշխանական բուրգը։ Իսկ երկիրը պետք է պատրաստ լինի արտահերթ ընտրություններին։ Եթե իշխանությունը հասկանա դա եւ պատրաստ լինի բաց եւ ազնիվ ընտրությունների, մենք կարող ենք ելք գտնել»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորը։





























