Հայաստանցի աշխատանքային միգրանտները Ռուսաստանում աշխատելու համար այլեւս պատենտի կարիք չունեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսում նշել է ՏԿԱԻՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ կարճաժամկետ հայ միգրանտների 96-98 տոկոսն ընտրում է Ռուսաստանը, երկարաժամկետ միգրանտների 70 տոկոսը եւս ընտրում է Ռուսաստանը: «Աշխատանքային պայմանագիր կնքելով, այդ պայմանագրի ժամկետների շրջանակներում հայ միգրանտները համարվում են օրինական ՌԴ տարածքում գտնվողներ: Այդ ընթացքում միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները կարող են այցելել Հայաստան ու նորից վերադառնալ»,-ասել է գանյանը՝ պարզաբանելով, որ դրանով ՌԴ օրենքում փոփոխությունները չեն տարածվում հայաստանցի միգրանտների վրա:

Նշենք, որ 2015-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու իրավական պայմանների մասին» օրենքի փոփոխությունները: Դրանց համաձայն, անհրաժեշտ է մեկ ամսով ձեւակերպել անհատական պատենտ, որը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ տարի: Պատենտը պետք է ստանալ ՌԴ մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում: