«Ամեն ինչ՝ մարդու բարօրության համար» հայտնի կարգախոսն արդեն մեկ քառորդ դար չի օգտագործվում: Դրան փոխարինելու է եկել պրագմատիկ մեկ այլ կարգախոս՝ «Ամեն ինչ՝ փոքր եւ միջին բիզնեսի բարօրության համար»:
Պաշտոնյաների հայտարարություններին դատելով՝ փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացման համար պետությունն օգտագործում է ամեն միջոց, եւ այդ ուղղությամբ հսկայական առաջընթաց կա: Այնպես որ, դրա շնորհիվ մեզ մոտ հզոչր միջին դաս է ձեւավորվել:
Եթե դիտարկենք թվաքանակով, ապա մեր արդյունաբերությունում փոքր եւ միջին բիզնեսն ակնհայտորեն գերակշռում է: Այսպես, անցյալ տարվա տվյալներով, ընկերությունների ընդհանուր թվի մեջ միկրո (այսինքն՝ մինչեւ 5 աշխատատեղ ունեցող) եւ փոքր ձեռնարկությունների (6-50 աշխատատեղով) համատեղ տեսակարար կշիռը հասնում էր գրեթե 90%-ի, ավելի կոնկրետ՝ 89.4%-ի, որոնցից 42.2%-ը՝ միկրո ձեռնարկություններ, 47.2%-ը՝ փոքր:
Եթե դրանց ավելացնենք նաեւ միջին ձեռնարկությունների (51-100 աշխատատեղ) ցուցանիշը, ապա փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը կհասնի 94.5%-ի: Սակայն սրանից եզրակացնել, որ խոշոր բիզնեսը խղճուկ գոյություն է պաշտպանում, սխալ կլինի:
Հայրենական արտադրության ընդհանուր ծավալում խոշոր բիզնեսի մասնաբաժինը, անցյալ տարվա տվյալներով, կազմել է 80.2%: Ընդ որում, մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 2.1 տոկոսային կետով: Այդ առաջընթացը միայն մասամբ է ապահովվել խոշոր ձեռնարկությունների արտադրանքի ֆիզիկական ծավալի աճով (5.6%-ով):
Որոշ չափով դրան «նպաստեց» ՓՄՁ-ի ցուցանիշների անկումը:
Այսպես, անցյալ տարի միկրո ձեռնարկությունների արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 53.1%-ով: Այդ տխուր արդյունքը հետեւանք է այդ ձեռնարկությունների կողմից ըմպելիքների արտադրության անկման: Միջին ձեռնարկությունների մասով անկումը կազմել է 4.1%, եւ միջին միջինը 2.5% աճ է գրանցվել:
ՓՄՁ-ի տարածման մակարդակը գնահատելու համար սովորաբար օգտագործվում է բնակչության 10 հազար մարդու հաշվարկով նման ձեռնարկությունների թվի ցուցանիշը: Եվրոպայում այն կազմում է 350-460 միավոր: Իսկ մեզ մոտ՝ ներառյալ մանրածախ առեւտրի օբյեկտներն ու վճարովի ծառայությունները, այդ ցուցանիշը շուրջ 80 միավոր է: Հետեւաբար, ՓՄՁ-ի զարգացման, ինչպես նաեւ միջին դասի գծով մեր երկիրը մի քանի անգամ զիջում է զարգացած երկրներին:






























