Փոքր խանութների համար շատ դժվար է աշխատել շրջանառության հարկի գոտում: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, մթերային փոքր խանութներում ձեւավորված այժմյան 6-7% եկամտաբերությամբ, նրանց համար շատ դժվար է մնալ տարեկան 58.35 մլն դրամի (շուրջ 122 հազար դոլար - խմբ.) շրջանառության սահմմաներում եւ չհայտնվել ԱԱՀ-ի գոտում: Պատճառը նաեւ այն է, որ 2009 թվականին, երբ սահմանվեց ԱԱՀ-ի շեմը, այն հավասար էր շուրջ 200 հազար դոլարին, հիմա՝ ընդամենը 120 հազար դոլարին: Իսկ արժութային փոխարժեքը կարեւոր է այնքանով, որ զանգվածային օգտագործման ապրանքների մեծ մասը կա՛մ ներմուծված է, կա՛մ ինքնարժեքում ներմուծման զգալի բաղադրիչ կա:
Այդ պատճառով էլ, նրա խոսքով, դեռեւս հոկտեմբերին ԲՀԿ-ն կողմ արտահայտվեց ԱԱՀ-ի շեմը 150 մլն-ի հասցնելուն: Հասկանալի է, որ իշխանությունները դեմ լինեն դրան՝ չցանկանալով կորցնել հարկերը: Բայց այլ հարցում կուսակցությունը սկզբունքային է. շրջանառությունից հարկը ենթադրում է գործարքների լիբերալ փաստաթղթավորում, այլ կերպ անհնար է:
«Այստեղ խնդիրը միայն ընդհանուր շրջանառությունն արձանագրելն է, այլ ոչ թե կոնկրետ ծախսերը: Այդ պատճառով հարկավոր է ժամանակավորապես կիրառել կամավորության սկզբունքը. ով ուզում է՝ աշխատում է փաստաթղթաշրջանառությամբ, ով ուզում է՝ առանց դրա: Թող պրակտիկան ցույց տա, թե որն է ավելի կենսունակ»,- հայտարարեց Մելքումյանը:
Կուսակցության ռազմավարական մոտեցումը հետեւյալն է. չեղյալ հայտարարել եկամտահարկը եւ շրջանառության հարկը տարածել միջին եւ խոշոր բիզնեսի վրա: «ԱԱՀ-ի դաշտում շրջանառության հարկի բեռը, մեր գնահատականներով, կկազմեր 8%, Կառավարության կարծիքով՝ 10%, կարելի է որեւէ ընդունելի մեծություն գտնել»,- հավելեց Մելքումյանը:





























