Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բյուլենթ Առընչը տարօրինակ է համարել Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) պետի որոշումը՝ հրաժարական տալ՝ պատգամավորի թեկնածու դառնալու համար։
Թուրքական CNNturk-ի եթերում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նշել է, թե ինքը վերջին պահին է իմացել, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը հրաժարական է տվել՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար։
Առընչը պնդել է, թե տարօրինակ է, որ «սուպեր» լիազորություններով օժտված պաշտոնը թողնում են պատգամավոր դառնալու համար, երբ այդ պաշտոնում գտնվողը առնվազն 50 պատգամավորի աշխատանք է անում։ Փոխվարչապետը շեշտել է, թե ինքը սխալ է համարում, որ նման պաշտոնում գտնվող անձը դառնա պատգամավոր։
Նշենք, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը հրաժարական է տվել, որն ընդունել է Թուրքիայի վարչապետը։ Հաքան Ֆիդանն իր հրաժարականը բացատրել է առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու դառնալու մտադրությամբ։





























