Ադրբեջանում տղամարդը բաժանվել է կնոջից, քանի որ վերջինս դուստր է ունեցել, ոչ թե որդի՝ համարելով, որ դա դժբախտություն է:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, Իմիշլիի շրջանի բնակիչ 28-ամյա Զաֆար Գուլիեւը հրաժարվել է իր երեխայից, քանի որ նա աղջիկ է: Գուլիեւը համոզված է, որ աղջիկը դժբախտություն է բերում, իսկ որդի ունենալը հսկայական երջանկություն է կյանքում: Այդ պատճառով նա լքել է կնոջն ու երեխային: Ներկայումս մայրը եւ նորածին երեխան գտնվում են Ադրբեջանի երեխաների միության ապաստանում:
23-ամյա կինը՝ Ուլվիա Մաթլաբովան (անունը փոխված է) պատմել է, որ ընտանեկան բռնության է ենթարկվել ընտանիքում:
Պարզվել է, որ կինը փախել է հայրական տնից, որպեսզի ամուսնանա Զաֆարի հետ: Տեղեկանալով, որ դուստր է ունենալու, Զաֆարը ծեծել է կնոջը, որի արդյունքում վերջինս հայտնվել է հիվանդանոցում:
Վերջերս Ուլվիան իմացել է, որ ամուսինը 8 տարի ազատազրկված է եղել ընկերոջ ականջը կտրելու համար: Այժմ կինը գնալու տեղ չունի: Հայրը հայտարարել է, որ հետ կընդունի աղջկան, եթե վերջինս երեխային տա Զաֆարին, սակայն կինն իր զավակից չի ուզում հրաժարվել:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք համարում են, որ մոր արգանդում երեխայի սեռը որոշում են մայրերը՝ իրենց ցանկությամբ:





























