Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին, հանդիպել է Քաթարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահին եւ քննարկել եկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացմանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։
Հայաստանի եւ Քաթարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին Դոհայի եւ Երեւանի միջեւ օդային հաղորդակցության հաստատումը, ինչը կխթանի գործարար կապերի զարգացումը։
Նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել՝ փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու համար։





























