ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 16-ամյա Մաքսվելլ Մ.-ին այն բանից հետո, երբ վերջինս իր ձեռքով սպանած համադասարանցու ֆոնին արած սելֆին Snapchat հավելվածի միջոցով ուղարկել է ընկերոջը։ Այս մասին գրում է USA Today-ը։
Դեռահասը լուսանկարին կից մեկնաբանությւոն էր գրել, որում ասված էր, որ ինքն է սպանել համադասարանցուն, եւ որ դեռ էլի զոհեր են լինելու։ Չնայած, որ Snapchat-ը հեռացնում է հաղորդագրությունը ուղարկելուց մի քանի վայրկյան անց, ընկերը պահպանել էր լուսանկարը եւ ցույց տվել մորը։ Կինը դիմել էր ոստիկանություն։ Հրազենային վնասվածքից մահացած երեխայի դիակը հայտնաբերել էին նրա տանը, գրում է Lenta-ն։
Մաքսվելլի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր նրա տունը եւ նկուղում գտել ատրճանակը, որից, ենթադրաբար, արձակվել է կրակոցը։ Pittsburgh Post-Gazette –ն հայտնում է, որ դեռահասն արդեն խոստովանել է մեղքը։
Շրջանային դատախազը հայտարարել էր, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է,երբ կասկածյալը սելֆի է անում իր զոհի հետ։ Նա նշել է, որ լուսանկարը գործի առանցքային ապացույցն է լինելու։ Թե ինչ պատիժ է սպառնում դեռահասին, հայտնի չէ։



























