Ռուսական հատուկ ծառայությունները կանխել են ենթադրյալ լրտեսի գործունեությունը Ռուսաստանի Սեւծովյան նավատորմում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին: Խոսքը «Կոյդա» նավի անձնակազմի անդամ Սերգեյ Մինակովի մասին է:

«Մինակովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան պաշտոնապես լրտեսության մեղադրանք է առաջադրվել: Նա ծառայում էր Սեւ Ծովի Թեոդոսիայի դիվիզիայի «Կոյդա» նավի կազմում»,- նշել է աղբյուրը:

Մինակովի ձերբակալության փաստը հաստատել են Մոսկվայի Լեֆորտովսկի դատարանի մամուլի ծառայությունում:

«Դատարանը որոշում է կայացրել Սերգեյ Մինակովին երկու ամիս ժամկետով կալանավորելու մասին, այսինքն՝ մինչեւ 2015 թվականի մարտի 28-ը»,- նշել են դատարանում:

Առայժմ հայտնի չէ, թե որ երկրի օգտին լրտեսության համար է մեղադրվում տղամարդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկովյան պատրիարքության աշխատակից Եվգենի Պետրինի ձերբակալության մասին, որին կասկածում են լրտեսության եւ օտարերկրացիներին հետախուզական տվյալներ փոխանցելու մեջ: