Նոր Նորքի 4-րդ զանգվածում այսօր՝ փետրվարի 9-ի լուսադեմին, իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանը նախքան հրկիզելը մուրճով հարվածներ է հասցրել 9-ամյա որդու գլխին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ արարքը որակվել է սպանության փորձ,
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Ինչպես հայտնում է քննչական կոմիտեն՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04։00-ի սահմանում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո սպանելու դիտավորությամբ մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում, ինչի հետեւանքով երեխան գանգուղեղային բաց վնասվածքներ է ստացել։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։ Պատին արված «մեր մահվան պատճառը էդ սր-ն է» բովանդակությամբ գրությունից վերցվել են պատի քերուկներ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին:
Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա եւ 9-ամյա Ֆ. Ն.-ներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։































