Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:
«Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով: Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,-ասաց նա:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ին ասել էր հետեւյալը. «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական եւ կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետեւի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն էր տարածել՝ խմբակցությանը առաջարկելով բոյկտել ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները:





























