Մենք չենք ցանկանում «թուլացնել» Ռուսաստանին, մենք ցանկանում ենք գործընկերություն հաստատել այդ երկրի հետ: Այս մասին փետրվարի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ըստ The Telegraph-ի, ամերիկյան ղեկավարն ասել է, որ որեւէ հատուկ անհրաժեշտություն չկա Ուկրաինա զենք ուղարկելու մասին համաձայնագիր կնքելու համար: Օբաման նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի կորուստները պետք է լինեն «վատ որոշումների» ընդունման պատճառով:

«Մենք շարունակում ենք խրախուսել խնդրի դիվանագիտական լուծումը»,- փաստել է Օբաման՝ ընդգծելով, որ Ռուսաստանին չի հաջողվի զենքի ուժով փոփոխել սահմանները:

Անգելա Մերկելն իր հերթին աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: «Կարծում եմ՝ Ռուսաստանին կորուստներ հասցնելը լավ գաղափար է: Եվ դա, թվում է, ազդում է Ռուսաստանի վրա»,- ասել է նա:

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կընդունվի Ուկրաինայի հարցով, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ գործընկերությունը կշարունակվի: