Գների բարձրացման առումով սննդի հանրային կետերը հետ չեն մնում մանրածախ առեւտրի կետերից: Ասվածին հավելենք պաշտոնական տվյալները, որոնք ընթացիկ տարվա ապրիլին արձանագրվել են Երեւանում:

Ցանկացած օբյեկտում (սրճարան, ռեստորան եւ այլն) պարզ սուրճի մեկ գավաթը միջինը 45.4 դրամով կամ 14.6%-ով ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ: Նշենք, որ սուրճի մանրածախ գինը նույն ժամանակահատվածում ավելի քիչ է թանկացել՝ 13.2%-ով, իսկ մեկ այլ բաղադրիչի՝ շաքարավազի գինը՝ 4.2%-ով:

Ջրի սակագինը, որն ըմպելիքների մեջ մեծ ծավալ է կազմում, չի փոխվել: Բնական գազը նույնպես չի թանկացել: Իսկ ահա էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն ավելացել է 10%-ով:

Նաեւ խորովածի սիրահարների բախտը չի բերել. ազգային այս ուտեստի մեկ բաժինը թանկացել է 229.2 դրամով կամ 7.7%-ով: Նշենք, որ խոզի մսի մեկ կիլոգրամի մանրածախ գինը տարվա ընթացքում ավելացել է 702.6 դրամով կամ 22.9%-ով: Կարելի է ենթադրել, որ հումքի թանկացումը հանգեցրել է չափաբաժնի քաշի նվազման:

Նույն ճակատագիրն է բաժին հասել մեկ այլ սիրված ուտեստին՝ քյաբաբին: Մեկ տարի առաջվա համեմատ, այն 37.6 դրամով կամ 5.3%-ով ավելի թանկ արժե: Իսկ տապակած հավի գինն աճել է 309 դրամով կամ 10.4%-ով:

Իսկ օղու 50 գրամանոց գավաթի գինը մեկ տարվա ընթացքում թանկացել է միջինն «ընդամենը» 11.2 դրամով կամ 3.0%-ով: Նշենք, որ մեկ բաժին խորովածի փոխարեն ռեստորանում կարելի է 8 գավաթ օղի պատվիրել: