Գյումրու «Մոր եւ մանկան» հիվանդանոցում ապրիլի 14-ին մահացած  6 ամսական Նարե Դավթյանի ծնողները երեխայի մահվան դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից անտեղյակ են: Երեխայի հայրը՝ Արմեն Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկ անգամ հարցաքննության է գնացել, սակայն գործից ոչ մի մանրամասն չեն ասել իրեն:

«Հեչ մի նորություն գործից չունենք: Միայն գիտենք, որ գործը քննչականում է, մեկ անգամ ինձ կանչել են հարցաքննության, գնացել եմ, բայց ոչ մի նորություն՝ ոչ դրական, ոչ բացասական: Հեչ բան էլ չեն ասում, ասում են՝ գործը քննվում է: Անորոշության մեջ ենք»- ասաց նա:

Արմեն Դավթյանը չի հավատում, թե մի օր գործը կբացահայտվի եւ իրենք կիմանան երեխայի մահվան իրական պատճառը: Նրա խոսքով՝ իրենք միայն պահանջում են, որ մեղավորները բացահայտվեն ու այլեւս չաշխատեն հիվանդանոցում. «Ես չեմ ուզում, որ մեղավորները դատապարտվեն:  Որ դատապարտվեցին էլ, իմ էրեխեն հետ չի գա: Մեր պահանջը էն է, որ իրանք չաշխատեն: Հիմա էլ բժիշկները հակահարձակման են անցել, ոստիկանությունում գրել են, որ երեխեն կեղտոտ է եղել, մայրը կեղտոտ է պահել, դրա համար էլ երեխեն մահացել է: Եթե կեղտոտությունն  եղնիր մահվան պատճառը, իրանք էդպես խելոք չէին մնա»:

Արմեն Դավթյանը նշեց, որ իրենք կսպասեն մի քանի օր եւս, մինչեւ պատրաստ լինեն  դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որից հետո գործից կրկին ոչ մի տեղեկություն չստանալու դեպքում կդիմեն կտրուկ քայլերի:

Հիշեցնենք, որ Գյումրու «Մոր եւ մանկան» հիվանդանոցում ապրիլի 14-ին մահացել էր  6 ամսական Նարե Դավթյանը: Ըստ բժիշկների՝ երեխան մահացել է  ունեցած բնածին հիվանդությունից՝  հիդրոցեֆալիայից: Ծնողները, սակայն, չեն հավատում, որ երեխան բնածին հիվանդություն է ունեցել, նրանք ասում են, որ հիվանդության մասին իմացել են միայն փոքրիկի մահից հետո:  Երեխայի հայրը՝ Արմեն Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք արդեն ունեն դատաբժշկական փորձաքննության պատասխանները, որտեղ նշված է, որ երեխայի մահվան պատճառը թոքաբորբն է: