Անթալիայում, մայիսի 13-ին, տեղի է ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այն նվիրված էր Աֆղանստանում ընթացող Առաքելությանն առնչվող հարցերի, ինչպես նաեւ Աֆղանստանի հետ ՆԱՏՕ-ի Տեւական գործընկերության ապահովման եւ այդ հարցում 2016թ. Վարշավայի գագաթաժողովի համար ընդհանուր մոտեցման համաձայնեցման քննարկմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ եւ նրանց ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր եւ ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը:

Իր խոսքում դեսպան Եդիգարյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին, եւ հույս հայտնեց, որ Աֆղանստանի ներկայիս ազգային համաձայնության կառավարությունը կշարունակի բոլոր բնագավառներում առաջընթացի ապահովումը` երկրում ձեւավորելով համերաշխության ու հարեւանների հետ բարիդրացիական մթնոլորտ: