Կառավարության դիմաց երեկվանից նստացույց անող նաիրիտցիները գիշերը 15  հոգով են անցկացրել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը։

«Մենք անձրեւանոցներով էինք, թրջվեցինք էլ, չորացանք էլ: Գիշերը շատ հանգիստ անցավ, 3 ոստիկան էր մեզ հսկում: Այժմ եւ ոստիկնները, եւ նաիրիտցիները  գնալով ավելանում են»,-ասաց Տիգրան Մինասյանը:

«Նաիրիտի» նախկին աշխատակից Գայանե Արշակյանն էլ նշեց, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան  նստացույցը ավարտեն, եւ եթե դրանից հետո որեւէ բան չփոխվի, մի քանի օրից նորից նստացույց կսկսեն:

Նաիրիտցիները նշեցին, որ կառավարությունից մինչեւ այժմ ոչ ոք չի մոտեցել իրենց:

Նշենք, որ նաիրիտցիները հայտարարել են, որ նստացույցը տեւելու է երկու օր: Նրանք կառավարության մոտ կմնան նաեւ գիշերը՝ միմյանց հերթափոխելով:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: