Մայիսի 14-15-ը Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Ջեթ Բուսեմեկերի հետ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել իր հոլանդացի պաշտոնակցին` գագաթաժողովի քննարկումներին ակտիվ մասնակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով` գագաթաժողովը կարեւոր է նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մասնավորապես, նախարարն անդրադարձել է Լեյդենի համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեության խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ բուհը մեծ ավանդույթներ ունի հայագիտության դասավանդման հարցում:
Այդ նպատակով առաջարկվել է համագործակցային բազմաշերտ ծրագիր, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման եւ համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Հոլանդիայի հայ համայնքի համար կիրակնօրյա դպրոց հիմնելու հնարավորությանը, ուր հայ աշակերտները կարող են ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայոց լեզվին: Նախարարն անդրադարձել է նաեւ միջբուհական համագործակցությանը, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտում` ընդգծելով, որ վերոնշյալ կրթությունը կարող է գրավիչ եւ արդիական լինել:
Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարը կարեւորել է բուհերի միջեւ հորիզոնական սերտ կապերի ամրապնդումը եւ դրանց միջազգայնացման խնդիրը: Նա նաեւ անդրադարձել է ուսանողների փոխանակման եւ կրթաթոշակային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:





























