Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի սաների վարակի պատճառը դեռ անհայտ է, մանկապարտեզն էլ՝ փակ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ հենց ինքն է փակել մանկապարտեզը, մինչեւ վարակի աղբյուրը չպարզվի, այն չեն բացի: Հնարավոր է նույնիսկ մանկապարտեզը բացվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերին:
Վարակի պատճառները պարզելուց հետո գյուղապետը համապատասխան քայլեր կձեռնարկի, եթե մանկապարտեզի անձնակազի մեղավորւթյունը լինի, ապա նկատողություն կտա, աշխատանքից կազատի: Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Արմավիրի մարզի տարբեր գյուղերից մի քանի երեխաներ նույն ախտաշնաներով դիմել են հիվանդանոց: Ինչ վերաբերում է իրենց գյուղի երեխաներին, ապա նրանք արդեն լավ են: Հարցին, թե Ալաշկերտի մանկապարտեզը այդքան էլ լավ վիճակում չէ, Կարեն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Իդեալական վիճակում չէ, բայց մեր ինֆեկցիոնից լավ վիճակում է: Գիտեք ուրիշ տեղեում մանկապարտեզները իդեալական են, ստանդարտներին համապատասխանում են»:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակամիջոցում Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող վեց երեխաները հոսպիտալացվել են լուծով, փոխումներով եւ բարձր ջերմությամբ, իսկ Առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների բակային շրջայցի արդյունքում հայտնեբերվել է եւս հինգ երեխա՝ նմանատիպ աշխտանիշներով, որոնք եւս հոսպիտալացվել են: Բոլորն արդեն դուրս են գրվել: Սննդի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ թե կլինիկական, թե լաբորատոր քննությամբ մերժվել է սննդային թունավորումը, հետեւաբար իրենք այդտեղ անելիք չունենք:




























