ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ֆինանսական կարողությունը գնահատվում է 1.9-ից 6.9 մլն դոլար։ Այս մասին ասված է Սպիտակ տան ամենամյա հաշվետվության մեջ։ Մայիսի 15-ին Սպիտակ տունը հրապարակել էր 2014թ. 9 էջանոց ֆինանսական հաշվետվությունը։
Նախագահն ու նրա ընտանիքը հաշվետվության մեջ սեփական գնահատականների եւ հաշվարկների հիման վրա հայտնում են իրենց ֆինանսական կարողության մոտավոր սահմանները։ ԱՄՆ նախագահի կարողության մեծ մասը՝ 1-ից 5 մլն դոլար, ներդրված է ԱՄՆ ֆիննախի պարտատոմսերի մեջ։
JPMorgan Chase բանկում նախագահական հաշվեհամարի վրա կա 50 հազարից 100 հազար դոլար, իսկ Northern Trust բանկում՝ եւս 15 հազար դոլար։ Միշել եւ Բարաք Օբամաները հաշվեհամարներ ունեն նաեւ Vanguard թոշակային ֆոնդում՝ 100 հազարից մինչեւ 250 հազար դոլար, փոխանցում է Gazeta-ն։
Օբամա ընտանիքի եկամուտը 2014թ. կազմել է 477 383 դոլար, ինչը 3715 դոլարով քիչ է դրա նախորդ տարվա համեմատ։ Որպես դաշնային հարկ՝ նրանք մեկ տարում վճարել են 93 հազար դոլար։ Նշենք, որ ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 400 հազար դոլար։



























