Հայ ժողովրդի հետ իրոք սարսափելի դեպքեր են կատարվել, այդ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի մենք ուսումնասիրենք ու հիշենք պատմությունը, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իսլանդիայի կրթության եւ գիտության նախարար Իլուգի Գունարսոնը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Իսլանդիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախարարը նշեց. «Ես չեմ կարող խոսել իմ կառավարության անունից, քանի որ ընդամենը կրթության եւ գիտության նախարարն եմ։ Այսուհանդերձ կարող եմ անձնական կարծիքս հայտնել։ Ես ցավակցում եմ հայ ժողովրդին այդ սարսափելի դեպքերի կապակցությամբ եւ կիսում եմ նրա ցավը»։