Կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ մայիսի 16-ին, մեկնարկեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը:

Նշենք, որ համագումարի ժամանակ ընտրվելու է վարչության կազմ, նախագահ, որոշելու են կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, լինելու են նաեւ ելույթներ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեեւ համագումարին հրավիրված են եղել ընդդիմադիր գործիչներ տարբեր կուսակցություններից, նրանց թիվը դահլիճում մեծ չէ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վահան Բաբայանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: Ներկա են կոմունիստական կուսակցության անդամներ: 

Նշենք, որ «Ալյանսի» հիմնադիր համագումարին հրավիրված չէ իշխող Հանրապետական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել էր, որ ընդունել է հազարից ավելի «ազնիվ ու պարկեշտ իր համախոհների» առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: Նա դիմել էր մարզահամերգային համալիրին, որպեսզի մայիսի 2-ին դահլիճ տրամադրեն համագումարի համար, սակայն ազատ դահլիճ չկար: Դրանից հետո դիմել էին Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու համար: «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: