NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Թոմաս Զայբերտի՝ ամերիկյան «The Daily Beast» առցանց-պարբերականում հրապարակված հոդվածը:

Չորս շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, որոնք նախանշված են հունիսի 7-ին: Եվ, թվում է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խուճապի մեջ է: Կամ ավելի վատ:

Նրա քաղաքական հակառակորդների շրջանակում եւ փողոցում շրջանառվող խուսակցություններում տարածում է գտնում կարծիքը, որ Էրդողանը խելագարվել է եւ շարժվում է իշխանության հանդեպ անհագ ձգտմամբ: Այն պահից, երբ Էրդողանն անցյալ տարի փոխադրվեց Անկարայում գտնվող 1.100 սենյականոց շքեղ պալատ, նրան մեղադրում են մեծարման անկառավարելի ձգտման մեջ:

Քուրդ քաղաքական գործիչ Աբդուլլահ Զեյդանի խոսքով, նախագահը «կարծում է, որ ինքը սուլթան է»: Ազգայնական քաղաքական գործիչ եւ խորհրդարանի փոխխոսնակ Մերալ Աքսեների հավաստմամբ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փակ դռների հետեւում ասել է, որ Էրդողանը «խելագարվել է»: «Ակնհայտ է, խուճապ է զգացվում»,- ասել է լրագրող Յավուզ Բայդարը:

Հարցումների համաձայն, 61-ամյա Էրդողանը, հավանաբար, չի կարողանա մեծամասնության ձայները ստանալ, ինչը նա ցանկանում է, որպեսզի առաջ մղի ռադիկալ սահմանադրական փոփոխությունները, որոնք նրան անսահմանափակ, բայց առայժմ անժամկետ իշխանություն կտան՝ որպես նախագահի: Վերջին շրջանում տնտեսությունը դանդաղ է աճում, գործազուրկների թիվը նույնպես ավելանում է, եւ  քաղաքական ընդդիմությունը վերածնվում է: Այս ամենը խնդիրներ է կանխատեսում Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) համար: Որոշ հարցումներ փաստում են. ԱԶԿ-ն կարող է նույնիսկ կորցնել խորհրդարանում մեծամասնությունը:

Էրդողանի քննադատները մտահոգված են այն հանգամանքով, որ նախագահը կարող է դիմել անազնիվ խաղի՝ ԱԶԿ-ի հաղթանակն ապահովելու համար: Ընդդիմության անհանգստության պատճառներից մեկը կապված է այն բանի հետ որ անցյալ տարի տեղական ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի անջատումներ եղան, որոնք խանգարեցին քվեների հաշվարկին, ինչն ԱԶԿ-ի օգտին կեղծիքների մասին մեղադրանքի պատճառ դարձավ: Մինչ այդ, կառավարությունը հայտարարեց, որ կատուն մտել է էներգաբաշխիչ վահանակ եւ կարճ միացման պատճառ դարձել:

Առաջին անգամը չէ, որ քաղաքական գործիչներն ու դիտորդներն Անկարայում մտահոգություն են հայտնում նախագահի հոգեկան վիճակի մասին: Երբ 2013 թվականին Գեզիի զբոսայգու շուրջ անկարգությունների ժամանակ Էրդողանը զայրացավ հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ, Թուրքիայի Բժշկական ասոցիացիան հայտարարեց, որ մտահոգված է այն ժամանակվա վարչապետի հոգեկան առողջության առիթով: