Մինչեւ տարվա վերջ Հայաստանում հնարավոր է ոսկերչական ոլորտի 300 աշխատատեղ բացվի։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողներին հայտարարեց «Մերիդիան» Ազատ տնտեսական գոտու ղեկավար Նիկա Մանուկովան։

Նրա խոսքով՝ մինչեւ 2015թ. վերջ Ազատ տնտեսական գոտին պլանավորում է ընդունել առնվազն 10 ռեզիդենտ, ամենայն հավանականությամբ արտասահմանից։ Այսուհանդերձ Ազատ տնտեսական գոտում կարող են աշխատել նաեւ տեղական ընկերություններ։ «Սակայն նրանք պետք է նոր ներդրումներ կատարեն նոր արտադրության մեջ, գտնեն  նոր արտաքին շուկաներ, քանի որ Ազատ տնտեսական գոտում արտոնությունները գործում են միայն արտահանողների համար։ Հետագայում ծրագրերը ներկայացվում են Կառավարության դիտարկմանը»,- պարզաբանել է Նիկա Մանուկովան։

Նշենք, որ 2011թ. Հայաստանի խորհրդարանը ազատ տնտեսական գոտիների մասին օրենք էր ընդունել, որի համաձայն՝ դրանց շրջանակներում գործող ընկերությունները ազատվում են ԱԱՀ-ից, եկամտահարկից եւ գույքահարկից։ Արտոնությունները վերաբերում են միայն արտահանությանը։