Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն Անկարայի եւ Բրյուսելի հարաբերությունների անկյունաքարն են: Այս մասին ասված է մայիսի 18-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ Թուրքիայի ԵՄ գործերի նախարար Վոլքան Բոզքիրի համատեղ հայտարարությունում:
«Անդամակցության բանակցությունները շարունակում են Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ անկյունաքար մնալ: Մենք ընդգծել ենք իրավունքի գերակայության ոլորտում, ինչպես նաեւ տնտեսական հատվածում հստակ քայլերի անհրաժեշտությունը: ԵՄ-ն եւ Թուրքիան նաեւ պետք է շարունակեն համագործակցությունն ընդհանուր այլ առաջնահերթությունների, այդ թվում՝ առեւտրի եւ մաքսային միության, էներգետիկայի ոլորտի արդիականացման եւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ»,- ասված է հայտարարությունում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարությունում նշվում է նաեւ դեպի ԵՄ երկրներ ապօրինի միգրացիայի կանխարգելման ուղղությամբ համագործակցության խորացման, Սիրիայից եւ Իրաքից փախստականներին ընդունելու համար Թուրքիային լրացուցիչ միջոցների հատկացման, ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի, կիպրական հարցի կարգավորման բանակցություններին աջակցության անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Եվրամիությունն ու Թուրքիան որոշել են տնտեսական երկխոսություն սկսել: «Տնտեսական հարաբերությունները մեր ընդհանուր շահերից են բխում: Այդ պատճառով որոշեցինք տնտեսական երկխոսություն սկսել»,- Բրյուսելում ասել էր Թուրքիայի ԵՄ գործերի նախարար Վոլքան Բոզքիրը:





























