ՀԱՊԿ-ն ի վիճակի է երաշխավորել իր անդամների լիարժեք պաշտպանվածությունը ներկայում գոյություն ունեցող սպառնալիքներից: Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Հավատացեք՝ այն ներուժը, որն ունեն մեր Արագ արձագանքման հավաքական ուժերը, այն սպառազինություններն ու տեխնիկան, որ մենք ունենք, գումարած այն միջոցները, որոնք, ինչպես ենթադրում ենք, անհրաժեշտության դեպքում կուժեղացնեն այդ Ուժերը, իսկապես լիարժեք ծավալով երաշխավորում են մեր պետությունների անվտանգությունը: Համենայն դեպս՝ այն սպառնալիքների դեմ, որոնք այսօր գոյություն ունեն»,- ասել է Սեմերիկովը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա, միաժամանակ, պարզաբանել է, որ խոսքն այս դեպքում ՀԱՊԿ անդամ որեւէ պետության նկատմամբ բացահայտ ագրեսիայի մասին չէ:





























