«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության համար «աուդիտի» դասը ոչինչ չի նշանակում. դրա միակ նպատակը ժամանակ շահելն է։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«ՀԷՑ-ում աուդիտ միշտ էլ եղել է, եւ այն իրականացրել են տարբեր հեղինակավոր արտասահմանյան կազմակերպություններ։ Աուդիտը գործընթաց է, որի ժամանակ պարզվում է, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ։ Բայց պետք է պարզել, թե ովքեր են եղել այն մարդիկ, որոնք համապատասխան հրամաններ են տվել։ Սակայն դրա կարիքն էլ չկա. առանց այդ էլ ամեն բան պարզ է»,-ասաց Բոստանջյանը։
Նա հավելեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը հարցի լուծում չէ։ «Որտեղի՞ց են վերցնելու այդ գումարները։ Եթե Կառավարությունը փոխհատուցում է, ապա դա նույնպես արվելու է մեր հաշվին»,-ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով ՀԷՑ-ը ազգայնացնելու հնարավորությանը՝ նա նշեց, որ նման մեծ ընկերությունն առհասարակ պետք է պետական լինի։





























