Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 8-ին, իր հավատարմագրերը հանձնեց դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման եւ ամրապնդման գործում:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրեց ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։