Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շարժման շարունակումը կախված է նրանից, թե միասնական պահանջները հստակ կձեւակերպվե՞ն, թե՞  ոչ։ Այս մասին հուլիսի 9-ին «Էլեկտրաշոկ. Հնարավոր են արդյոք հայաստանում քաղաքական փոփոխություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային եւ ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ ցույցերում կա լուրջ քաղաքական տարր։ «Քանի որ մարդիկ հստակ գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ են անում։ Նրանք հստակ են ձեւակերպում իրենց պահանջները եւ անելանելի իրավիճակ են ստեղծում գործող իշխանությունների համար։ Ոչ ոք չի ասում, որ երկրում էներգետիկ ճգնաժամ չկա, ասվում է, որ խնդիրը չի լուծվի նման կերպով։ Քաղաքացիները չեն վճարի։ Իշխանությունները  հասկացան, որ դրա դեմ ոչինչ չեն կարող անել»,- կարծում է քաղաքագետը։

Նրա համոզմամբ շարժման ուժը սկսվում է պահանջի անխոցելիությունից, երբ երկրում  չկա մի մարդ, ով կարող է դրա իրավացիությունը հարցականի տակ դնել։ «Նախագահը հայտարարեց, որ էներգետիկ համակարգը կաթվածի շեմին է գտնվում եւ գումար խնդրեց ժողովրդից։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է այդպես ստացվել։ Դա համապետական հանցագործության հետեւանք է։ Ժողովուրդը պետք է դատարան պահանջի։ Այստեղ ահա սկսվում է խաղաղ քաղաքացիական անհնազանդության փուլը, որը հանգեցնում է ռեժիմի տապալմանը»,- եզրափակեց Սարգսյանը։