«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ սխալ է կոչ անել պատգամավորներին կոչ անել վայր դնել մանդատը եւ քաղաքական ճգնաժամ ստեղծել: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողներին ասաց Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ Վաղինակ Շուշանյանի կոչին, որով վերջինս կոչ է արել պատգամավորներին վայր դնել իրենց մանդատները եւ թողնել դաշտը նրանց, որոնք ապօրինի, հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են կայացնում, դրանով ստեղծելով քաղաքական ճգնաժամ` առաջին հերթին չլեգիտիմացնելով այդ որոշումներն ու որոշողներին:
«Չաշխատելը մեթոդ չէ, պետք է աշխատես, որ մուսկուլ գցես: Այս պահանջը խոսում է այն մասին, որ հասարակությունը պահանջատեր է իր կողմից ընտրված պատգամավորների վրա: Սակայն չեմ կարծում, որ այս մեթոդով շոշափելի արդյունքների կհասնենք մեր պայքարի մեջ»,-ասաց նա:
Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հայտարարած հացադուլին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ինքը դեմ է քաղաքական հացադուլներին, քանի որ անլուրջ վերաբերմունք կա դրա նկատմամբ:
«Դա ոչ թե չաշխատող գործիք է, այլ անլուրջ վերաբերմունք կա հացադուլի երեւույթին թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական գործիչների մոտ»,-ասաց նա:
Նշենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում հոսանքի թանկացման դեմ բողոքի արդեն 4-րդ օրն է, ինչ հացադուլ է անցկացնում: Նրա հացադուլն ուղղված է ՀՀ քաղաքացիներին եւ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որպեսզի կարողանան շարժվել Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել: Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:





























