Հայկական ավիացիան ռուսական վասալն է դարձել. ՀՀ իշխանությունները իրենց քաղաքացիական ավիացիան հանձնում են ռուսներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (այդ պաշտոնը զբաղեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին-խմբ):

«Հայկական ավիաընկերությունները չեն դիմանում ռուսական դեմպինգին եւ պարտվում են մրցակցությունում: Այդպես է տեղի ունեցել նաեւ «Էյր Արմենիայի» հետ»,-հավելել է նա:

Պետրոսյանի կարծիքով, պատճառն այն է, որ ՀՀ ներկա իշխանությունները չեն ձգտում պաշտպանել սեփական իրավունքները ավիացիոն շուկայում, թռիչքների պարիտետ սահմանել: «1990-ականներին մենք նման պարիտետ ունեինք Ռուսաստանի հետ, մենք բավարար ուժ  ու կամք ունեինք հավասար դիրքերում հանդես գալու համար: Արդյունքում մենք ունեինք 3 ավիաընկերություն՝ «Հայկական ավիաուղիները», Արաքս ավիաուղիները» եւ մեկ բեռնատար ընկերություն՝ «Երավիան»: Նրանք բոլորն էլ աշխատում էին շահույթով»,-նշել է Շահեն Պետրոսյանը: